Աստրիդ Քիրչեր. Ականատես ծնվող պատմության

Գերմանացի լուսանկարչուհի Աստրիդ Քիրչերը քչերին է հայտնի մեզ մոտ, սակայն եթե ձեզ համարում եք “Բիթլզ” խմբի երկրպագու կամ ուղղակի հետաքրքրված եք խմբի պատմությամբ, ապա կարևոր է իմանալ Աստրիդի թողած հետքը բիթլների պատմության մեջ։
Աստրիդն այն առաջին լուսանկարչուհին էր, որը լուսանկարեց բիթլներին։
“Բիթլզ” խմբի՝ դեպի մեծ երաժշտական աշխարհում հայտնվելու առաջին քայլերի երջանիկ ականատեսներից մեկը եղավ հենց Աստրիդը, որը 1960 թվականին ընկերոջ՝ Կլաուս Ֆորմանի հետ, Համբուրգի ակումբներից մեկում ներկա եղավ տղաների “համերգին”։ Լուսանկարչուհուն ոչ միայն հիացրեց խմբի անդամների անկեղծությունը, անմիջականությունը, հումորի զգացումն ու երաժշտական տաղանդը, այլև նրա սիրտը գրավեց խմբի բաս կիթառահար Ստյուարտ Սաթքլիֆը. արդյունքում հյուսվեց մի ռոմանտիկ սիրո պատմություն (այն ցավոք ընդհատվեց, Ստյուարտի վաղաժամ մահվան պատճառով)։

Հենց հարցազրույցներից մեկում էլ Աստրիդը պատմել է այս նուրբ զգայական կապի մասին.
“Դա վեր էր ռոմանտիկայից, երբ առաջին անգամ տեսա Ստյուարտին, մտքումս ասացի՝ “Աստված ի՜մ”։
Երբ լսեցի նրա ձայնը, խոսեցի իր հետ. նա չափազանց հմայիչ էր և խելացի։ Կարծում եմ, նա նույնպես զգում էր այն, ինչ զգում էի ես. թող կոչենք դա սեր առաջին հայացքից, չնայած, թվում է անիրական, բայց դա իրոք այդպես էր. մենք ուղղակի սիրահարվեցինք”։
d25c2d70e570aca702bc44688abaaa89

Դե իսկ ինչ վերաբերում է քառյակի մնացած անդամներին, ապա պետք է նշել, որ Աստրիդի հետ նրանց հարաբերությունները ջերմ, ընկերական էին, հաճախ տղաները համերգից հետո լինում էին Աստրիդի տանը, որտեղ էլ լսում էին Աստրիդի դասական և ջազ երաժշտության հավաքածուներից, կարդում գրքեր և անցկացնում լավ ժամանակ։
2266d21c9da988b918d8e0af6c1deea1
Հետաքրքիրն այն է, որ երբեմն ճանապարհը ծանոթացնում է մեզ այնպիսի մարդկանց, որոնց հայտնվելը մեր կյանքում դառնում է ճակատագրական։
Այսպիսին էր և Աստրիդի հետ հանդիպումը բիթլների կյանքում. մի անգամ Աստրիդն առաջարկեց լուսանկարել տղաներին, տղաները խանդավառությամբ ընդունեցին այդ առաջարկը, չէ որ նրանք դեռ հայտնի չէին, և ոչ մի լուսանկարիչ չէր առաջարկի լուսանկարել երազող և դեռ նոր քայլեր անող երաժիշտներին։ Նկարահանումներն անցան Համբուրգում՝ Heiligengeistfeld-ում, որտեղ տարին երկու անգամ տոնավաճառ էր կազմակերպվում և ատրակցիոններ տեղադրվում։ Ըստ Աստրիդի, տղաները իրենց պահում էին պրոֆեսիոնալի պես, իսկ նկարները շատ էր դուր եկել նրանց։
d87b7c379f557bd65a9a6d651637cac4
8211e9e8768b52f45cb2ba0134ad60ca
Հետագայում Աստրիդը լուսանկարել է Ջորջ Հարիսոնի Wonderwall Music ալբոմի շապիկի համար։
Համբուրգյան շրջանից հետո տղաները մի քանի անգամ Աստրիդին հրավիրել են Լիվերպուլ, Լոնդոն, և անկախ հեռավորությունից ՝ նրանց մեջ պահպանվել էր ամուր ընկերական և ստեղծագործական կապ։
Իսկ այն մասին, թե արդյոք Աստրիդին հետաքրքրում էր Բիթլզի Անթոլոգիան, նա նշել է՝ ” Եթե Բեթհովենը ունենար այդպիսի հնարավորություն, Անթոլոգիա թողարկելու, գուցե, նրա մասին մենք ավելին կիմանայինք”։

Ցավոք, այս տարի՝ 81 տարեկանում կյանքից հեռացավ սիրելի Աստրիդ Քիրչերը։
bd359a79e50aae3ae90fd8f73c73646b
Նյութի պատրաստման ընթացքում օգտագործված աղբյուր՝ The Beatles Sean Egan.

Կինոքննարկումների մասին…

Բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն, որ Հայաստանում կա գերմանական ֆիլմեր ուսումնասիրող (նաև այլ կինոգործունեություն ծավալող) կինոակումբ, որտեղ դիտում և քննարկում են գերմանական ֆիլմեր, կիսում կարծիքներ, բացեմ մի “գաղտնիք”.
Գյոթե կենտրոնի ու Ֆիլմադարան կինոակումբի համագործակցության շնորհիվ, արդեն մի քանի տարի հանդիսատեսին են ներկայացվում գերմանական ֆիլմերի լայն ու բազմաշերտ կինոաշխարհը։ Սա լավ հնարավորություն է ոչ միայն գերմանական կինոյով հետաքրքրվողների, այլև գերմանական կինոյից անտեղյակ հանրության համար…
Ընդհանրապես, մեզ մոտ դժվար է գտնել մի կինոակումբ, որը կցուցադրի այնպիսի ֆիլմեր, որոնց շնորհիվ հանդիսատեսի մտածողությունը կընդլայնվի և որոնց շնորհիվ հնարավորություն կստեղծվի գաղափար կազմել այլ երկների կինոարվեստի մասին և ամենակարևորը՝ կկարողանաս լրացնել չիմացածդ…
Երկրում ծանրացած վիրուսային թոհուբոհի ժամանակահատվածում, երբ ամեն ինչ տեղափոխվել էր վիրտուալ տարածք, ինձ համար՝ արդեն նոր ֆորմատում հայտնաբերեցի այս կինոակումբը։ Մինչ այդ, գիտեի՝ Գյոթե ինստիտուտում կազմակերպվող կինոդիտումների մասին, որոնց մասնակցելը, ժամանակի պատճառով, անհնար էր դարձել ինձ համար։ Իսկ այս լոքդաունը, փաստորեն բոլոր վատ երևույթների հետ բերեց նաև մեկ լավ ու կարևոր երևույթ. վիրտուալ աշխարհն ավելի հասանելի դարձրեց ուզածդ վայրում հայտնվելու հնարավորությունը։ Հետաքրքիր դասախոսություններ, ներկայացումներ և աշխարհի մի ծայրում գտնվող թանգարանում հայտնվելուց, դիտելուց զատ, հերթը հասավ նաև ֆիլմերին ու մասնակցությանը ֆիլմի քննարկումներին։
Առաջին ֆիլմը, որ դիտեցինք և քննարկեցինք գերմանացի ռեժիսոր Վերներ Հերցոգի “Ֆիցկարալդո” ֆիլմն էր, որը խիստ տպավորել էր ինձ։ Դրան հաջորդեց Հերցոգի մի շարք ֆիլմերի դիտումը. արդյունքում, ոչ միայն մեկ ռեժիսորից դիտեցի մոտավորապես, հինգ ֆիլմ, այլև մասնակցեցի քննարկումների, որտեղ հետաքրքիր էր լսել, ընդհանրապես, կինոյի մասին։ Եվ քննարկումների ընթացքում ամենակարևորներից մեկն այն է, որ քեզ լսում են, և ֆիլմի/ գրքի մասին քո տպավորությունները ուղղակի չեն մնում մտքումդ, այլ հնարավորություն կա դրանք արտահայտելու, համաձայնելու այլ կարծիքներին կամ դրանցից հետո ավելի ուշադիր դիտելու ֆիլմում բաց թողած կադրերը։
Եթե հետաքրքրում է ձեզ այսպիսի քննարկումների մասնակցությունը կամ հետաքրքրված եք գրքերով, երաժշտությամբ, կերպարվեստով, ապա հետևեք իմ բլոգին, լավագույններով նորից կկիսվեմ ձեզ հետ )))57e27d5cf63c8765246102808e872165
002f51c2caeddeb4ccc1b2bb9fb3357d
FB_IMG_1593522337317

Մարդ֊էմոցիա

֊Դուք դատապարտված եք ալարկոտության, ծուլության ու չափից դուրս էմոցիոնալ լինելուն….
֊Ո՞վ է էդպես որոշել
֊Ժամանակը…
֊Դրա փրկությունը չկա՞…
֊Վախենամ՝ ուշ գտնվի…
֊Իսկ առանց վախենալու
֊Մի վախեցեք…մմմ… կգտնվի, վազե՛ք դեպի կյանք, առանց շունչ քաշելու, փրկե՛ք ինքներդ ձեզ…
Ու ես վազում եմ։ Իմ սիրած փողոցներն արդեն աչքիս չեն գալիս, ուղղակի վազում եմ, չգիտեմ՝ ուր։ Կգտնե՞ս ինձ վազքիս ընթացքում, կասե՞ս որ էդքան էլ վատը չեմ, ոնցոր բոլորն են մտածում, կգրկե՞ս ինձ ամուր, որ անգամ եթե ոտքերիս ցավից բարձր ճչամ, ձայնս վերարկուդ թաքցնի։ Կասե՞ս որ իմ սիրած կապույտը, կանաչն ու դեղինը, իմ սիրած Բիթլզը, ոչ ժամանակի կորուստ են, ոչ ծուլություն, կբացատրե՞ս բոլորին, որ ես կորել եմ իմ էմոցիաների աշխարհում, որ էմոցիաներս կլանել են ինձ, ու ես դարձել եմ մարդ֊էմոցիա…
Վախենում եմ, փրկի այս անդունդից, որտեղ միայն էմոցիոնալներն են ընկնում։
Արի փրկենք աշխարհը իմ նման էմոցիոնալներից, արի տանենք նրանց ուրիշ մոլորակ, որ չխանգարեն չափից դուրս քննադատողներին, չափից դուրս չհասկացողներին…
Արի տանենք չհասկացվածներին անհասկացողների աշարհից։
…Ինձ ասում են՝ դեպի կյանք վազիր. վազում եմ, հոգնում եմ էդ վազքից, էդ աղմուկից, որ կողքի վազքերից է լսվում։ Ես կանգնել եմ վազքի ու ժամանակի մեջտեղում ու ականջակալերովս “Let it be” եմ լսում։ Նստել եմ իմ սենյակի պատուհանագոգին ու “կորցրել ժամանակի զգացողությունը”…
Թող որ ես ամենասխալը լինեմ, իմ սիրած “Let it be”֊ով, թող որ չզգամ ժամանակը ու հետ ընկնեմ ժամանակից։
Բայց խնդրում եմ, ասա նրանց, որ ես անկեղծ էի իմ կանգնած կետում…20200418_143134

Ուրախ ու տխուր մարդը

Երբեմն մարդու ներաշխարհն արտացոլված է լինում մարդու արտաքին տեսքում.մասնավորապես՝ աչքերում։ Մարդու աչքերը կարող են ամեն ինչ պատմել մարդու մասին։ Ինձ հոգեհարազատ մարդն էլ այդ տեսակին է պատկանում։ Թախծոտ, խորը աչքերով մարդու մասին դժվար է խոսել, բայց ես կփորձեմ գոնե մի փոքր արտահայտել մտքերս ու նկարագրել այդ տեսակին։ Իմ սիրելի կերպարը Մհեր Մկրտչյանն է՝ ուրախ և տխուր մարդը։ Նրա հայացքի մեջ ամփոփված են բոլորիս տխրություններն ու ուրախությունները, կորուստներն ու ցավերը։ Նրա հայացքը, խոսուն աչքերը շատ բան կարող են պատմել իր անցած ճանապաևհի ու տխուր պահերի մասին։ Խարիզմատիկ այդ կերպարի հայացքում կգտնես էմոցիաների մի ամբողջ կծիկ։ Իր հայացքի վրա են մնացել մանկությունից փայփայած ու այդպես էլ չստացած հեծանիվի համար հեկեկոցներն ու գյումրվա բարբառով հումորից անկեղծ ծիծաղը։Նայում ես հայացքին ու թվում է՝ ուր որ է պիտի լաց լինի, և իր փոխարեն դու ես սկսում լալ։ Հետո նա ծիծաղում է. ծիծաղում է կյանքը սիրելով ու կյանքից հոգնած, ծիլաղում է որ ներսի արցունքները չխեղդեն, որ ոչ ոք չզգա, թե ինքն աշխարհում միայնակ է։
Այսպիսինն է մարդ֊առեղծվածը՝ անկեղծ, մեր Ֆրունզը՝ ներքին տագնապներով, հիացմունքներով ու ներդաշնակ արտաքին աշխարհի հետ։ FB_IMG_1568999856463

Անկեղծ…

Դահլիճի մութ անկյուններից փչում էր դրսից սողոսկած քամին։ Փչում էր դեպի իմ ուղղությամբ։
Դռների կոտրված ապակիները ծածկված էին ինչ֊որ կտորներով, որոնք քամուց ալիքավորվում էին ու շեղում ուշադրությունս։
Ֆիլմն ընթացքի մեջ էր, դեպքերը՝ չբացահայտված, մի տեսակ չէի կարողանում ուշադրությունս պահել ֆիլմի վրա։
Անտարբեր եմ դարձել։ Ինչ֊որ բան ներսումս սառել է, ոչինչ չեմ զգում։ Ամենալավ բաներից էլ սրտանց չեմ ուրախանում, ամենավատն էլ արդեն միևնույն է դարձել. էնպիսի տպավորություն է, ոնցոր էս ամենն ինձ հետ չի կատարվում։ Կյանքս ֆիլմի պես է դարձել, իսկ ես էդ ֆիլմի անտարբեր հանդիսատեսն եմ կամ պատահական ներկան կյանքի ժապավենին տպվող օրերի։
Լճացել եմ. իմ սիրած արվեստը էլ իմը չի, ես առանց ցանկանալու վանել եմ նրան ինձնից։ Կարդացողը կմտածի՝ սովորական բան է էլի, արվեստը քեզնից ոնց կարող ես վանել, չափից շատ ես ծանր տանում։
Բայց իրականում էդ արվեստն է, որ խորը արմատներ է գցել ներսումս, էդ արվեստն է, որ ինձ դաստիարակել է ու հասցրել ինչ֊որ կետի։
Իսկ հիմա էդ արվեստի համար ժամանակ չի մնացել, ինչ֊որ կարծրացած փաստեր, որոնք դարերով սովորում ենք, կաղապարել են միտքս ու չեն թողնում ազատ մտածել, կանգնեցրել են մտքիս թռիչքը ու ստիպում են իրենց կանոններով շարժվել։
Իսկ ես մարդ եմ, որը կանոններից դուրս է սիրում ապրել, կյանքի տարիներով գծված սխեմաները ինձ երբեք հետաքրքիր չեն եղել, ինձ հետաքրքիր է այն ինչ կա մարդու ներսում ՝ ճախրող միտքը, մտածելու ու գտնելու, զարմանալու ու սիրելու կարողությունը։

Առավոտյան գնացել էի իմ սիրած կտավը նորից ուսումնասիրելու։ Էդ կտավը էս շրջանում միակնա որ ինձ հասկանումա։ Եթե հնարավորություն ունենայի հայտնվել էդ կտավի մեջ ու գոնե մի կարճ ժամանակով մտքերս իմի բերել…
Բայց մեր ժամանակաշրջանն էնպիսիննա, որ չի սիրում երազկոտ մարդկանց, ինքը միայն ստիպումա քայլել իրեն համահունչ, առանց ետ ու առաջ նայելու, իսկ երբ ասում ես՝ հոգնել եմ, ուզում եմ հանգստանալ, ինձ ժամանակա հարկավոր, չի հասկանում, ծիծաղում ու նոր փորձություններա ուղարկում։

Քամին նորից փչում էր դեպի իմ ուղղությամբ։ Մտքերս հանդարտվել էին, ֆիլմը շարունակվում էր, իսկ ես ֆիլմի օգնությամբ փորձում էի մոռանալ սեփական ֆիլմի սյուժեն…FB_IMG_1553935045289

“Ծիրանի ծառ” կինոփառատոնի մասին

Ավարտվեց ” Ծիրանի ծառ” հինգերորդ կինոփառատոնը ևս։
Ինչ խոսք, ժամանակն արագ է անցնում, դեռ հիշողության մեջ թարմ մնացած նախորդ տարվա ֆիլմերին ավելացան նորերը։ Նոր բացահայտումներ, իհարկե արեցի, անցած տարվա Վահրիճ անունով նկարչի մասին իմանալուց հետո այս տարի գլխավոր բացահայտում եղան Մանակի եղբայրները, ովքեր լուսանկարիչներ էին, և որոնց նկարները այդ ժամանակաշրջանի վերաբերյալ կարևոր տվյալներ են փոխանցել։
Ամենահուզիչ կերպարներից էին տիկնիկներ պատրաստող տատիկը և Շամլուղ գյուղի բնակչուհին։
Իսկ “Origines” ֆիլմի հերոսուհի Ռոբերտան իր աշխատասիրությամբ ու անթիվ հետաքրքրություններով մոտիվացիայի աղբյուր դարձավ ինձ համար։
Առհասարակ, կինոփառատոնը, նույնպես, մոտիվացնող էր, ինֆորմացնող, բացահայտող. մեր ժամանակներն այնպիսին են, որ մենք կյանքի վազքի մեջ չենք հասցնում ուսումնասիրել այլ ազգերի մշակույթը, իսկ վավերագրական ֆիլմերը առիթ են մտածելու անծանոթների մասին, ընկալելու և տեղյակ լինելու նրանց ավանդույթներից և նրանց առօրյա կյանքից։
Ամեն օր, դասերից հետո թեյով ֆիլմ դիտելու շտապելը դարձել էր օրվա կարևոր մասնիկ. մի քիչ անսովոր կլինի պատկերացնել օրն առանց այդ ֆիլմերի ու արդեն հարազատ դարձած անծանոթների, որոնց հետ ֆիլմ էինք դիտում մինչև ուշ երեկո և զգում քամու սառնությունը։

Ահա այն ամենն ինչ ֆիքսեցի հինգերորդ կինոփառատոնի ընթացքում։ Հուսով եմ, տպավորություններս Ձեզ կհետաքրքրեն և հաջորդ տարի դուք նույնպես կմիանաք՝ նոր ֆիլմեր դիտելու, բացահայտումներ անելու և դրականը վերցնելու։
Իսկ կինոփառատոնը շատ կկարոտեմ, սակայն ոչինչ անել չեմ կարող, քան սպասել վեցերորդ փառատոնին և նորից կիսվել տպավորություններովս։ FB_IMG_1568925724521

Ներսից

Սուրճս թափելով տեղ հասցրի․մտազբաղ էի, սուրճի գոյության մասին մոռացել էի, միայն նրա թարմ բույրը հիշեցրեց, որ իրենից բան չի մնա, եթե չհավաքվեմ ու չկենտրոնանամ՝ իրեն տեղ հասցնելու վրա։ Հոգնել էի, օրը մի փոքր ծանր էր․ դրսի աշխարհը տարբեր է ներսիս աշխարհից, բայց ես սա դրոշակի նման չեմ ծածանում, ուղղակի ուզում եմ ասել՝ իրոք դժվար է այդես։ Վերջապես սուրճիս կեսը տեղ հասավ, դրեցի սեղանին, միացրի Պիաֆի՝ իմ սիրելի գործերից մեկն ու էլի փախա դրսի աշխարհից։ Չկարծեք, թե փախուստիս պատճառը վախն է՝ նայելու իրականությանը, ոչ, ուղղակի ներսիս աշխարհը կյանքի մասին ավելի ճիշտ պատկերացում ունի, քան դրսի աշխարհը։ Իհարկե, այդ դուրսը վախեցնում է բոլորիս, բայց մի տեսակ այդ վախը րոպեական է, որովհետև այդ վախը կենցաղի հետ ենք հարմարեցրել, այդ համատարած տգիտությունը գիտակցելու վախով, ավելի շուտ զզվանքով ապրում ենք․ ծակում է, ցավեցնում է, բայց համատարած այդ գարշանքը, զզվանքը, վախը, վատատեսությունը, բամբասանքը ու էլի շատ նեգատիվ իր մագիլները խորն է մխրճել մեր կյանքի մեջ։ Ու մեզ մնում է միայն փախուստ ներս՝ այնտեղ, այն խորքերում լռություն գտնելու, դրա երանգները տեսնելու։ Պիաֆի ձայնը կապվել էր ներսիս ախարհի հետ ու նրանք ձեռք ձեռքի բռնած ճախրում էին։ Նրանք ճախրում էին քաղաքի կտուրների վրայով, անցնում էին սպիտակ անկյուններով, փնտրում քաղաքի սիրտն ու գույները, նրանք փորձում էին գտնել գույներով լեցուն մարդկանց։ Նրանք ճախրում էին անհոգ, բայց այդ անհոգության մեջ դատարկություն չկար, կար պայծառությանը հասնելու անսահման ցանկություն. Սուրճս չէր սառչել, գոլորշին երաժշտությանը համահունչ դուրս էր գալիս բաժակից ու ընկերակից դառնում ներսիս աշխարհին։

bbde1417caad79b997c8c671d3de64c0

Քաղաքի ցուրտ փողոցները

Փողոցում մարդիկ շտապում էին․ անձրև էր եկել, ու անձրևող հոգիներին տանում էր տուն՝ թեյ խմելու և օրվա այդ մասը անկողնում մտքերի հետ անցկացնելու։ Դիմացի մայթում մի նկարիչ երևի վաճառել էր մի քանի նկար. նկարակալերի վրա ընդամենը երեք նկար էր մնացել։ Նա սառած ձեռքերը տաքացնում էր` բաճկոնի թեևքերը քաշելով, իսկ հայացքն ուղղել էր շտապող մարդկանց հայացքներին, երևի նոր նկար էր ուզում ստեղծել այդ պատկերներից, նոր մտքեր կային նրա գլխում, երևի մարդկանց մեջ ինչ-որ հետաքրքիր բան էր տեսել, որն ուզում էր փոխանցել թղթին։ Նկարչից մի փոքր հեռու, թափառող շների հաչոցի ձայները լցրել էին դատարկվող  փողոցը։ Նրանք մեկ այլ գամփռ էին տեսել, որն իր տիրոջ հետ քայլում էր փողոցով, երևի նրանք էլ էին ուզում ունենալ մարդ ընկեր, ունենալ մեկին, որն իրենց ման կտար ամբողջ օրը, կկերակրեր, դրա համար էլ հաչում էին։
Իսկ մարդիկ ավելի արագ էին քայլում, որովհետև մրսում էին կամ շտապում՝ մեկին գրկելու։ Ոմանք էլ գրախանութ էին մտնում ինչ-որ գիրք գնելու, գրքերի աշխարհում կորչելու, գրքերի անուշ բույրը զգալու և մի քանի թերթ ընթերցելու համար։ Ու այդ աշխարհից դուրս գալով՝ հանդիպում էին իրականությանը, բախվում փողոցի խնդիրներին, ավտոբուսներից դուրս նայող տխուր դեմքերին, բայց ժպտում էին, որովհետև հոգին լավ տաք էր զգում իրեն, որովհետև գրախանութում գրքերը ժպտացել էին հոգուն ու ստիպել տարբերվել կյանքի գորշից։
Իսկ եղանակը ստիպում էր մարդկանց դառնալ իր պես փոփոխական, փողոցները ստիպում էին լռել, գրախանութները ժպտալ էին սովորեցնում, իսկ նկարիչները՝ թաքնված մի անկյունում ֆիքսում էին մարդու մեջ թաքնված զգացմունքներն ու ստեղծում նկարներ…

 

1a3717768a7e330ddb9699eaa28fae9a

Եղիշե Չարենց

Ստորև ներկայացնում եմ  Չարենցից՝ իմ սիրելի բանաստեղծությունները․․․

Էմալե պրոֆիլը Ձեր

Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ
Ես այսօր կուզեմ երգել,
Որպես մի անհայտ դը Լիլ։
Արդյոք ո՞ր վարպետը մեծ
Հորինել է դեմքը Ձեր.
Արդյոք ո՞ր Ոգին տվեց
Ձեր դեմքին լուսե գծեր։
Կուզեի երգեր կապել
Եվ գովել երգով անծիր
Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ։

***

Երբ ես տեսնում եմ Ձեզ —
Անդարձ անցած մի սեր
Սկսում է իր հեզ
Հեքիաթները հյուսել։
Հիշում եմ ես հանկարծ
Կապույտ լապտեր գազի,
Որոնք վաղո՜ւց հանգած՝
Սպասում են լույսի։
Հիշում եմ ջինջ, մաքուր
Ապակիներ կորած,
Կապույտ ծովի փրփուր՝
Փխրուն գիպսից փորած։
Ինչ-որ մի տեղ գնած
Ֆոլիանտի թերթեր —
Ու թիթեղից շինած
Դիակառքի վարդեր։

 

***

Հստակ հոսում են իմ
Երգերը Ձեր մասին.
Տրվե՜լ եմ Ձեր բույրին,
Ձեր մեղմախոս լույսին։

Հստա՜կ, հստակ է այս
Տխրությունը իմ նոր,
Որպես մանկան երազ,
Որպես մանկան օրոր։

Սրտիս վրա մի հեզ
Քնքշություն է իջել —
Թեթև՜, թեթև՜, որպես
Կապույտ վուալը Ձեր։

***

Երբ ես տեսնում եմ դեմքը Ձեր
Եվ Ձեր մատները ապակի,
Եվ Ձեր դեմքին — լուսե գծեր
Ինչ-որ հեռու արեգակի —
Սիրտս զգում է ցավը նուրբ
Ձեր ուսերին նիրհող շալի,
Մետաքսի վիշտը անսփոփ,
Անբառ թախիծը ռոյալի,
Ու բաժակում նիրհող թեյի
Անմահ ձանձրույթը հորանջող—
Ու ջահազարդ սենյակների
Մարմանդ մորմոքը մեզ տանջող։

 

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

 

Մենք գնում ենք

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…

 

Ո՞վ կհանդիպի

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի,
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ: Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով: ուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին –
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին: ուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր –
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: – – Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
– Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
– Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի …

Картинки по запросу եղիշե չարենց բանաստեղծություններ

 

Ես հիմա կարդում եմ

Հատված գրքից․

Լևոն Բարսեղյան “Շատ վտանգավոր խորություն”
“…Բոլորն էլ մահանում են մի քանի անգամ, շատերը մահանում են այլոց համար, ես՝ այսպես՝ ինքս ինձ համար, անաղմուկ, սուզվող մակույկի պես, մարդ ես, ինչպես էլ լինի, մի օր ափ կշպրտվես։ Առաջինները մահանում են կարոտը սրտներում, մյուսները մահանալիս ամբողջությամբ վերածվում են կարոտի, տարածվում են մինչև հեռավոր աստղերը, ապա գտնում են, սլանում ու սրընթաց զարկվում են արևահյուսվածքին նրանց, ում քիչ են սիրել բոլոր անցած կյանքերի ընթացքում, ներխուժում են ներս, բուն են դնում սրտերի բոլոր չորս խորշերում, արյան մեջ, հոսում բոլոր անոթներով, ծվարում են անգամ եղունգների տակ, ռունգերում, ականջներում, մատնահետքերում նույնիսկ, թափանցում են կոպերի տակ, աննկատ ներծծվում են բիբերում։ Ինչքան հասկացա երեկ գիշեր, այդպես է լինում, որ մարդիկ սկսում են աշխարհը քիչ֊քիչ այլ տեսնել, զգալ, ապրել։
Ժամանակն է միայն, որ չի մահանում, որովհետև չկա։ Հակառակը պնդողները ուղղակի դեռ չեն հասցրել մահանալ…”

Հեղինակ՝ Լևոն Բարսեղյան <<Զամբո>>