Քաղաքը` չշտապող մարդու դիտանկյունից

Աշխարհը բացահայտվում է նրա համար, ով ճամփորդում է ոտքով…

Վ. Հերցոգ

Կան վայրեր, որոնք չնայած քեզ մոտ են ֆիզիկապես, սակայն, որոշ երևույթներ այդ վայրերում անհայտ են քեզ համար  և չբացահայտված… Աշտարակն էլ այդպիսինն է ինձ համար, կամ` էր. մոտ, բայց դեռևս չբացահայտված մի քաղաք։ Մոտավորապես, 10 տարի է, ինչ բնակվում եմ` այս քաղաքից ոչ շատ հեռու։ Եթե անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ քաղաքի քիչ հատվածներին եմ ծանոթ. քաղաքում շրջելու առիթներ` գրեթե չեն եղել, այստեղ լինում եմ խիստ կարևոր դեպքերում կամ,  երբ պիտի Երևան գնամ.հիմնականում, այս քաղաքն ինձ ու Երևանին կապող կամուրջ է դարձել ։ Սակայն, այդ բոլոր  ընթացքում, ներսիս  հետաքրքրասերը, փորձել է զննել քաղաքն ու քաղաքին բնորոշ ինչ որ  պատկեր ստանալ… Այսօր ես բացահայտեցի այս քաղաքը` նոր դիտանկյունից… Պատումումս, սակայն, չեք գտնի տվյալներ քաղաքի մասին, բնակչության մասին, դրանք կարող եք ինքներդ փնտրել. այս պատումս ցանկանում է բացահայտել` քաղաքի ներկայիս շունչն ու դիմագիծը… Այսօր նորից հայտնվել էի այս քաղաքում, բայց այն դեպքերից չէր, երբ էլի շտապ գործով,  չէ, ավելի ճիշտ` այդ դեպքերից էր, բայց այս անգամ, որոշեցի ժամանակ տրամադրել`  քաղաքն ուսումնասիրելուն։ Անցորդների համար, կարծես` օտարական լինեի, քանզի էնպես էի դիտում քաղաքը`  անձրևից թրջված մայթերը, անցորդներին,  որ անսովոր էր այդ մարդկանց համար։ Ես այսօր անտարբեր չէի անցնում փողոցներով, ինչպես սովորական անցորդներն են անում սովորաբար. կամ ինչպես` ես, երբ շտապում եմ։ Հա, մենք, քաղաքի բնակիչները,  անցնում ենք ու չենք նկատում քաղաքը, չենք նկատում` քաղաքն ինչ առանձնահատկություններ   ունի, ինչ պատկեր ունի, կամ ունի՞, թե` ոչ…քաղաքը մեր կողքինա, ինքն ասոցացվումա` մեզ հարազատ, մեզ անհրաժեշտ կառույցների, մարդկանց, ծանոթների հետ, բայց որպես ընդհանրական պատկեր` չի ընկալվում մարդկանց կողմից. մարդիկ շտապում են` դեպի ինչ որ կառույցներ, ինչ որ մարդկանց մոտ, բայց չեն տեսնում քաղաքը, շտապում են, ինչպես այսօրվա կինն էր շտապում որը, չնայած, տեղացի լինելուն, չցանկացավ` իմ մի քանի հարցին պատասխանել։  Շտապում են մարդիկ,  փողոցով սլանում են մեքենաները, որոնց ներսից բարձր լսվում է` երաժշտության ելևէջներ ու էդ երաժշտությունները,  մեքենաների ձայները, ազդանշանները, մարդկանց բարձր խոսակցությունները` խլացնում են քաղաքը։ Մի պահ մտածեցի` ինչի՞ եմ նմանեցնում էդ խայտաբղետ  տեսարանը, հետո հիշեցի, որ մի քայլ էն կողմ, կոլորիտային մի հետարքրիր կառույց եմ նկատել,  կողքին, սակայն, անհասկանալի գովազդային պաստառներ… Հենց նոր, երբ գրում էի այս տողերը ու ընթացքում` ֆեյսբուքում թերթում էի լրահոսը, աչքիս դիպավ Հերցոգի մի միտք. “Աշխարհը բացահայտվում է նրա համար, ով ճամփորդում է ոտքով”։ Ինձ համար էսօր, ոչ աշխարհը, բայց Աշտարակի մի հատվածն էր բացահայտվել և ես այսօր քաղաքը բացահայտում էի` չշտապող մարդու դիտանկյունից, ֆիքսելով` տգեղն ու գեղեցիկը, քաղքենին ու իրականը… Կարճ թափառումներս ֆիքսեցին տարբեր տեսարաններ, գեղեցիկ, կոլորիտային  պատշգամբներ ու կիսաքանդ կառույցներ, իրար չճանաչող, միմյանց լեզուն չհասկացող  ու մի ընդհանուր լեզու չունեցող`  եվրո դռներն ու վաղուց մաշված, սեփական ներկերից հոգնած` կողպված դռներ… Աշտարակը` ավելի հնի ու նորի արանքում գտնվող մի քաղաք է,  որտեղ  կարող եք գտնել ամենաակոլորիտային պաշտգամբներն ու ամենախայտաբղետ փեղկերով ծաղկի սրահները, կիսաքանդ մայթեր ու ծառաշատ փողոցներ. եթե փորձենք տալ նրա դիմագիծը, աբստրակտ մի դիմանկար կստացվի… Թափառումներս հնարավորություն տվեցին` տեսնել, տեսնել այն ինչ, մնում է աղմուկի մեջ ու չի կարողանում պատմել իր մասին…ուստի եթե ուզում ենք իմանալ  պատմություններ, ինքներս պիտի տեսնենք այն ու ինքներս պիտի պատմենք այն։ Իմ թափառումները, գուցե նորից շարունակվեն այս քաղաքում, քաղաքն ամբողջովին բացահայտված չէ  ինձ համար, բայց այն ինչ բացահայտեցի, նոր մտորումների առիթ դարձավ…

Մտորումներս` շարունակելի….

Մշակութային գլոբալացում։ Բրիտանական ռոք։ Բիթլզի հեղափոխությունը ռոք աշխարում և տարածումը Լիվերպուլից դուրս։

Բրիտանական ռոքը պատմության ընթացքում հանրությանն է ներկայացրել բազմաթիվ հաջողված խմբերի, որոնց աշխարհում լսում և գնահատում են մինչ օրս։ Աշխարհի տարբեր անկյուններում կգտնեք մարդկանց, որոնք կրում են սիրելի խմբերի շապիկները, հավաքում ամսագրեր և սկավառակներ, իսկ սկսնակ երաժիշտները, երբեմն կատարում են սիրելի խմբերի երգերը, կամ ոգեշնչված այդ խմբերից, դառնում երաժիշտներ ու ստեղծում երաժշտական խմբեր։ Ջոն Լեննոն էլ, ոգեշնչվելով Էլվիս Փրեսլիից հիմնեց սեփական խումբը, սկսզբում դա փոքրիկ ավագդպրոցյան մի խումբ էր, որը նվագում էր՝ նեղ շրջանակներում, այնուհետև խումբը գումար հայթայթելով մեկնեց Գերմանիա՝ նվագելու գերմանական ակումբներից մեկում։ Սակայն եթե չլինեին խմբի փոքրիկ քայլերը, գուցե աշխարհն այդպես էլ չիմանար և չոգեշնչվեր քառյակից ։ Գուցե 60֊ականներին Խորհրդային Միությունում չձևավորվեին ռոք խմբեր՝ ունենալով Բոբ Դիլանին և բրիտանական Բիթլզին, գուցե չձևավորեին սեփական ռոք մշակույթը, որը հետագայում Խորհրդային Միության երկրներում արտառոց մի ֆենոմեն էր։Լիվերպուլյան քառյակը հեղափոխություն արեց ռոք աշխարհում և իր ետևից տարավ հազարավոր ռոք խմբերի, անհատ երաժիշների։ Աշխարհահռչակ Օզի Օսբորն անգամ, հարցազրույցներում նշել է, որ ինքը ոգեշնչված է եղել Բիթլզ խմբից և իր հայտնի <<Dreamer>> երգը հայրենակից Ջոն Լենոնի <<Imagine>> երգի ոգեշնչման արդյունքն է։ Ինչը հատկապես գերեց միջազգային հանդիսատեսին, ինչի շնորհիվ խումբն իր ետևից տարավ աշխարհի տարբեր անկյուններում ապրող երիտասարդներին և ինչպես տղաները սկսեցին անգամ իրենց հագուստով, սանրվածքով նմանակել հայտնի խմբին, սրա պատասխանը, թերևս, քառյակը դժվարությամբ է պատասխանում, երբեմն էլ՝ շրջանցում կատակներով... Մի առիթով Ջորջ Հարիսոնը նշել է, որ իրենց կարիեռայի ընթացքում,Բիթլզը երբեք այնքան կենդանի չի եղել, որքան Համբուրգում: Դեռևս այդ շրջանում չունենալով պրոդյուսերի օգնություն, տղաները, սեփական երաժշտությամբ, ոճով և հագուստով կարողացել էր փոքրիկ հաջողության հասնել Գերմանիայում: Խմբի անդավաճան ընկեր և առաջին լուսանկարիչ գերմանացի Աստրիդ Քրիշերը, իր հարցազրույցներից մեկում պատմել է Բիթլների հետ առաջին հանդիպման և այդ ժամանակների Համբուրգում, որպես փոքրիկ նորություն՝ արտաքին աշխարհից, տղաների լիվերպուլյան նոր գույն բերելու մասին: Աստրիդը նշում էր, որ 1960-ականներին համբուրգյան երիտասարդները հնարավորություն չունեին ծանոթանալ և ոգեշնչվել աշխարհի նորարարություններից, կարդալ օտարագիր հեղինակների կամ հայտնի ամսագրեր կամ գտնել այլ հետաքրքիր նորարարություններ ԱՄՆ-ից և Բրիտանիայից,իսկ ակումբներում, չնայած որ կար պարային երաժտություն, դա այն չէր, ինչին ձգտում էին երիտասարդները, ուստի Լիվերպուլից եկած երիտասարդների ի հայտ գալն այդ միջավայրում աննկարագրելիորեն հրաշալի էր գերմանացի երիտասարդների համար: Խմբի կյանքում, սակայն, շրջադարձային իրադարձություն էր մենեջեր Բրայան Էմփշտեյնի հետ ծանոթությունը։ Բրայանը փորձեց ճանապարհ հարթել երիտասարդ խմբի համար։ Գնալով Բիթլների անունը տարածվում էր Լիվերպուլից դուրս՝ ողջ Բրիտանիայում, առաջին սկավառակը՝ “Please Please me”֊ն արդեն հասցրել էր վաճառվել երիտասարդ բրիտանացիների շրջանում: Բիթլզը սկսում է մասնակցել համերգների և կամաց֊կամաց երիտասարդներին նկատում են Բրիտանիայից դուրս։ Բիթլզը դառնում է փոփ երաժշտության ֆենոմենը1960ականներին։ Առաջին համաշխարհային շրջագայության ժամանակ նրանք համերգները սկսում են «Rock and Roll Music» երգով, որն էլ դառնում է տղաների հաջողության այցեքարտը։ Բիթլզի հաջողության մասին խոսելիս, հարկավոր է նշել ամենատարածված տերմինի՝ «Բիթլոմանիայի» մասին, որը թափանցել էր աշխարհի տարբեր անկյուններում և յուրաքանչյուր վայրում կարելի էր հանդիպել բիթլների մարդկանց։ Շվեդիայից մինչև Ամերիկա տղաների պաստառները, սկավառակները հայտնվում էին ամենուր, իսկ համերգների ժամանակ երիտասարդները բղավոցներով, մեծ ակնածանքով էին դիմավորում տղաներին, կրկնում նրանց հետ սիրելի երգերի բառերը ու կրկնօրինակում տղաների պարային շարժումները։ Բիթլզի երկրպագուները կրկնում էին սիրելի Բիթլզի ամենահայտնի երգի բառերը «She loves you, yeah, yeah», և տղաների մասին լուրերն արդեն պտտվում էին ամենահայտնի ամսագրերում ։ Հենց այդ ամսագրերից էլ մարդիկ ողջ աշխարհում տեղեկանում էին լիվերպուլյան քառյակի մասին և սկսում դառնալ նրանց անդավաճան երկրպագուները, մինչ օրս էլ, բիթլոմմանները նոստալգիայով են հիշում Բիթլզի հետ առաջին անգամ ծանոթության, լսելու և երկրպագելու տարիները։ Որոշները կիսվել են իրենց այդ տպավորություններով և հիշողություններով։ Երկրպագուների մի ողջ բանակ՝ շուրջ երեք հազար ամերիկացի երկրպագու, սիրելի խմբին է դիմավորել Ամերիկայի « Ջոն Քենեդի» օդանավակայանում։ Երկրպագուներից մի քանիսը կիսվել են՝ խմբի մասին իմանալու և օդանավակայանում հայտնվելու մասին։ Քլարի Քրաշ անվամբ ամերիկացի կինն օրինակ, պատմում է, որ ինքը վեցերորդ դասարանի աշակերտուհի էր, երբ Բիթլզը ժամանեց Ամերիկա։ Քերականության ուսուցիչը, դասարան մտնելով հայտարարել է. ովքեր լսում են Բիթլզի երգերը և ցանկություն ունեն հանդիպելու նրանց հետ օդանավակայանում, թող հետևեն իրեն։ Ինչպես օրինակ Բոբ Դիլանը,Բիթլզը ևս իր երգերից մի քանիսում արտահայտել է իր բողոքը քաղաքական երևույթների, շարժումների վերաբերյալ։ Այդպիսիններից մեկն էլ հայտնի “Get back” երգն է, որը տղաները թողարկել են որպես ծաղր սևերի դեմ շարժման անդամներին և կառավարությանն ուղված, այդպիսով դեմ արտահայտելով` Բրիտանիայի վարած ռասիստական քաղաքականությանը։

Բիթլզի երգերը դարձան համաշխարհային լայն տարածում ունեցող հիթեր, շնորհիվ իրենց՝ սեր, բարություն, համերաշխություն քարոզելու և շնորհիվ անմիջական շփման՝ աշխարհի հետ։ Ահա թե ինչու, ռոքնռոլլ֊ի սիրահարները ողջ աշխարհում գրկաբաց ընդունեցին և մինչև օրս էլ պահպանում են այդ վերաբերմունքը խմբի նկատմամբ։ Մինչ օրս էլ, մարդիկ լսում և երկրպագում են խմբին և նրանց երաժշտությունը համարում իրենց հոգեհարազատը, դա փաստում է նաև ներկայիս բիթլների՝ Ռինգո Սթարի և Փոլ Մքարթնիի հանդեպ՝ ողջ աշխարհի հանդիսատեսի սերն ու ոգևորությունը։ Ռինգո Սթարն օրինակ, ամեն տարի իր ծննդյան օրը հազարավոր վիդեոշնորհավորանքներ է ընդունում աշխարհի տարբեր անկյուններից, ինչպես նաև Հայաստանից։ Սա, բնականաբար, խոսում է քառյակի՝ դեռևս արդի լինելու և երբեք հանդիսատեսի կողմից չմոռացվելու մասին։

Նյութի պատրաստման ընթացքում օգտագործված գրականություն

Թերի Բարոուզ «Բիթլզ», Անտարես Հրատարակչություն 2014
Артемий Кирович Троицкий «Рок музыка в СССР , Издательство «Книга», 1990г.

S. Egan “The Beatles Anthology”, Running Press 2009
Х. Девис “Битлз авторизованная биография” Москва “Радуга”, 1990
P. Jackson «Get Back» documentary series 2021
G. Berman «We are going to see the Beatles», Santa Monica Press 2008

Մենք ֆիլմերից ենք անանուն…

Մենք ֆիլմերից ենք անանուն
Ու ողջ կյանքում փնտրում ենք անունը մեր ֆիլմի,
Որ թողնենք գնանք ֆիլմից՝ ընդհանուրի, ուր սցենարիստը լավ ավարտ հորինել չգիտի։
Գուցե մենք հորինվել ենք մեկի գլխում՝ ուրիշ մոլորակից
Ով, ինչպես մենք, խաղ է անում իր մտքում ապրողների ճակատագրերի հետ, ոնցոր մենք՝ ֆիլմը չավարտված՝ Ռոմերի ֆիլմերի հերոսների հետ, կամ Փոթերի հետագա քայլերի…
Գուցե նա, ով մեզ հորինել է, որոշել է մեր մտքում չար կատակ խաղալ ու մեզ իրարից նեղացնել
Գուցե մեզ հորինողը քեզ ավելի է հավանել ու քեզ պատմում է ինձ հակապատկեր մեկի մասին՝ իր մասին գուցե…
Գուցե մեզ հորինողը անվստահ մեկն է, ու իր անվստահությունն է՝ նվերի արկղի պես փաթեթավորել ու ուղարկել մեզ։
Գուցե մեզ հորինողը՝ ոչ քո շականակագույն, ոչ իմ կանաչ աչքերից ունի, գուցե նա մեզ ուղղակի մտածել է՝ իր չմտածված արարքներին սփոփանք
Գուցե մեզ հորինողը, ինչպես մենք, չի սիրում վերնագրել ոչինչ, ու մեզ գողացել է ֆիլմերից անանուն

Քաղաքը դատարկվել է ինձնից։ Իմ ներսի քաղաքն էլ է դատարկված։ Քաղաքն էլ չի ըմպի իմ ծուռ ու մտազբաղ քայլերը, ականջակալերիցս երկու նոտա էլ չի թռչի ու կորչի քաղաքի մայթերում։ Քաղաքն էլ ինձ չի սպասի՝ անձրևին, արևին ու ամպամածին։ Ես էլ չեմ տեսնի՝ թրջվող ու մռայլված … Continue reading

Տեսնել նշանակում է մտածել…

Դժվարին ու սարսափելի օրեր. ներսից ու դրսից մոխրացած կրակ, բայց դեռ ծխացող հույսի նշույլ տեսնում եմ…
Անձնական ողբերգություն, իսկ շուրջդ՝ նույնքան դժվար իրավիճակ…
Բայց ապրում ենք (եմ), պաթոսը խեղդելով, արցունքները՝ դրսից ներս հրավիրելով, ապրում ենք…..
Հոգուդ թուլությանը՝ ուժեղ լինելու մասին պատմություններ հորինելով, ապրում եմ։
Ու միայն մնում է՝ դեղահաբեր պատրաստել կծկված հոգուն, նոր տնկած ծաղիկի պես խնամել ու աճեցնել մտքերդ, գաղափարներդ, որ մրգերը շուտով հավաքես….
Հենց նոր Դալիից մի տող ընկավ աչքովս՝ “տեսնել նշանակում է մտածել”։
Ու ես սկսեցի մտածել՝ այսօրվա տեսածս ֆիլմերի մասին։ Ու առաջինը մտքիս եկավ՝ Անջեյը, որ երևի թե , միշտ էլ մտքումս էր եղել։
Անջեյն ասում էր՝ մարդկանց թվում է՝ արդեն լուսնին են հասել, իրականում՝ լուսնին են հասել արվեստում։
Հիշեցի, որ ես էլ, վաղուց երազանք ունեմ լուսնին հասնելու, թռչելու, ու երևի, դրա համար Անջեյի խոսքերն այդքան միանգամից թափանցեցին սիրտս։
Անջեյի մտքերը թռիչքի մասին զարթնեցրին՝ թռչելու մտքով ապրած, խորը քնած երազանքներս։
Ու ես մտածեցի՝ մենք դեռ տեղ ունենք հասնելու այդ թռիչքին. մենք ցավոք, դեռ չենք թռչել…
Իսկ ինչու՞ չենք թռչել այդ արվեստում, գուցե թռիչքի գաղափարն այդքան խորը չի եղել մեր ներսում, գուցե մեկի մոտ երազանք, մյուսի մոտ՝ ոչինչ է արտահայտել այդ թռիչքի գաղափարը….
Չգիտեմ, չգիտեմների հանրագումար, որին կերակրում են խորը հոգոցներ։
Գուցե Դալիի ասածը քչերն են հասկացել, գուցե՝ տեսել են, բայց չեն մտածել…
Չէ որ, թռիչքի հիմքը՝ տեսնելն է, մտածելը, հետո նոր թռչելը։
Գուցե պիտի դեռ այս պրոցեսները հերթով անցնենք, որ թռչենք….
Երևի մեզ շատ տեսնել է պետք, հետո երկա՜ր մտածել ու պատրաստվել մեր թռիչքին՝ մեր սիրած փյունիկի պես, փրկությունը տեսնելն է, շատ տեսնելը, ճիշտ ու խելացի կերպով՝ տեսնելը….

Աստրիդ Քիրչեր. Ականատես ծնվող պատմության

Գերմանացի լուսանկարչուհի Աստրիդ Քիրչերը քչերին է հայտնի մեզ մոտ, սակայն եթե ձեզ համարում եք “Բիթլզ” խմբի երկրպագու կամ ուղղակի հետաքրքրված եք խմբի պատմությամբ, ապա կարևոր է իմանալ Աստրիդի թողած հետքը բիթլների պատմության մեջ։
Աստրիդն այն առաջին լուսանկարչուհին էր, որը լուսանկարեց բիթլներին։
“Բիթլզ” խմբի՝ դեպի մեծ երաժշտական աշխարհում հայտնվելու առաջին քայլերի երջանիկ ականատեսներից մեկը եղավ հենց Աստրիդը, որը 1960 թվականին ընկերոջ՝ Կլաուս Ֆորմանի հետ, Համբուրգի ակումբներից մեկում ներկա եղավ տղաների “համերգին”։ Լուսանկարչուհուն ոչ միայն հիացրեց խմբի անդամների անկեղծությունը, անմիջականությունը, հումորի զգացումն ու երաժշտական տաղանդը, այլև նրա սիրտը գրավեց խմբի բաս կիթառահար Ստյուարտ Սաթքլիֆը. արդյունքում հյուսվեց մի ռոմանտիկ սիրո պատմություն (այն ցավոք ընդհատվեց, Ստյուարտի վաղաժամ մահվան պատճառով)։

Հենց հարցազրույցներից մեկում էլ Աստրիդը պատմել է այս նուրբ զգայական կապի մասին.
“Դա վեր էր ռոմանտիկայից, երբ առաջին անգամ տեսա Ստյուարտին, մտքումս ասացի՝ “Աստված ի՜մ”։
Երբ լսեցի նրա ձայնը, խոսեցի իր հետ. նա չափազանց հմայիչ էր և խելացի։ Կարծում եմ, նա նույնպես զգում էր այն, ինչ զգում էի ես. թող կոչենք դա սեր առաջին հայացքից, չնայած, թվում է անիրական, բայց դա իրոք այդպես էր. մենք ուղղակի սիրահարվեցինք”։
d25c2d70e570aca702bc44688abaaa89

Դե իսկ ինչ վերաբերում է քառյակի մնացած անդամներին, ապա պետք է նշել, որ Աստրիդի հետ նրանց հարաբերությունները ջերմ, ընկերական էին, հաճախ տղաները համերգից հետո լինում էին Աստրիդի տանը, որտեղ էլ լսում էին Աստրիդի դասական և ջազ երաժշտության հավաքածուներից, կարդում գրքեր և անցկացնում լավ ժամանակ։
2266d21c9da988b918d8e0af6c1deea1
Հետաքրքիրն այն է, որ երբեմն ճանապարհը ծանոթացնում է մեզ այնպիսի մարդկանց, որոնց հայտնվելը մեր կյանքում դառնում է ճակատագրական։
Այսպիսին էր և Աստրիդի հետ հանդիպումը բիթլների կյանքում. մի անգամ Աստրիդն առաջարկեց լուսանկարել տղաներին, տղաները խանդավառությամբ ընդունեցին այդ առաջարկը, չէ որ նրանք դեռ հայտնի չէին, և ոչ մի լուսանկարիչ չէր առաջարկի լուսանկարել երազող և դեռ նոր քայլեր անող երաժիշտներին։ Նկարահանումներն անցան Համբուրգում՝ Heiligengeistfeld-ում, որտեղ տարին երկու անգամ տոնավաճառ էր կազմակերպվում և ատրակցիոններ տեղադրվում։ Ըստ Աստրիդի, տղաները իրենց պահում էին պրոֆեսիոնալի պես, իսկ նկարները շատ էր դուր եկել նրանց։
d87b7c379f557bd65a9a6d651637cac4
8211e9e8768b52f45cb2ba0134ad60ca
Հետագայում Աստրիդը լուսանկարել է Ջորջ Հարիսոնի Wonderwall Music ալբոմի շապիկի համար։
Համբուրգյան շրջանից հետո տղաները մի քանի անգամ Աստրիդին հրավիրել են Լիվերպուլ, Լոնդոն, և անկախ հեռավորությունից ՝ նրանց մեջ պահպանվել էր ամուր ընկերական և ստեղծագործական կապ։
Իսկ այն մասին, թե արդյոք Աստրիդին հետաքրքրում էր Բիթլզի Անթոլոգիան, նա նշել է՝ ” Եթե Բեթհովենը ունենար այդպիսի հնարավորություն, Անթոլոգիա թողարկելու, գուցե, նրա մասին մենք ավելին կիմանայինք”։

Ցավոք, այս տարի՝ 81 տարեկանում կյանքից հեռացավ սիրելի Աստրիդ Քիրչերը։
bd359a79e50aae3ae90fd8f73c73646b
Նյութի պատրաստման ընթացքում օգտագործված աղբյուր՝ The Beatles Sean Egan.

Մարդ֊էմոցիա

֊Դուք դատապարտված եք ալարկոտության, ծուլության ու չափից դուրս էմոցիոնալ լինելուն….
֊Ո՞վ է էդպես որոշել
֊Ժամանակը…
֊Դրա փրկությունը չկա՞…
֊Վախենամ՝ ուշ գտնվի…
֊Իսկ առանց վախենալու
֊Մի վախեցեք…մմմ… կգտնվի, վազե՛ք դեպի կյանք, առանց շունչ քաշելու, փրկե՛ք ինքներդ ձեզ…
Ու ես վազում եմ։ Իմ սիրած փողոցներն արդեն աչքիս չեն գալիս, ուղղակի վազում եմ, չգիտեմ՝ ուր։ Կգտնե՞ս ինձ վազքիս ընթացքում, կասե՞ս որ էդքան էլ վատը չեմ, ոնցոր բոլորն են մտածում, կգրկե՞ս ինձ ամուր, որ անգամ եթե ոտքերիս ցավից բարձր ճչամ, ձայնս վերարկուդ թաքցնի։ Կասե՞ս որ իմ սիրած կապույտը, կանաչն ու դեղինը, իմ սիրած Բիթլզը, ոչ ժամանակի կորուստ են, ոչ ծուլություն, կբացատրե՞ս բոլորին, որ ես կորել եմ իմ էմոցիաների աշխարհում, որ էմոցիաներս կլանել են ինձ, ու ես դարձել եմ մարդ֊էմոցիա…
Վախենում եմ, փրկի այս անդունդից, որտեղ միայն էմոցիոնալներն են ընկնում։
Արի փրկենք աշխարհը իմ նման էմոցիոնալներից, արի տանենք նրանց ուրիշ մոլորակ, որ չխանգարեն չափից դուրս քննադատողներին, չափից դուրս չհասկացողներին…
Արի տանենք չհասկացվածներին անհասկացողների աշարհից։
…Ինձ ասում են՝ դեպի կյանք վազիր. վազում եմ, հոգնում եմ էդ վազքից, էդ աղմուկից, որ կողքի վազքերից է լսվում։ Ես կանգնել եմ վազքի ու ժամանակի մեջտեղում ու ականջակալերովս “Let it be” եմ լսում։ Նստել եմ իմ սենյակի պատուհանագոգին ու “կորցրել ժամանակի զգացողությունը”…
Թող որ ես ամենասխալը լինեմ, իմ սիրած “Let it be”֊ով, թող որ չզգամ ժամանակը ու հետ ընկնեմ ժամանակից։
Բայց խնդրում եմ, ասա նրանց, որ ես անկեղծ էի իմ կանգնած կետում…20200418_143134

Ուրախ ու տխուր մարդը

Երբեմն մարդու ներաշխարհն արտացոլված է լինում մարդու արտաքին տեսքում.մասնավորապես՝ աչքերում։ Մարդու աչքերը կարող են ամեն ինչ պատմել մարդու մասին։ Ինձ հոգեհարազատ մարդն էլ այդ տեսակին է պատկանում։ Թախծոտ, խորը աչքերով մարդու մասին դժվար է խոսել, բայց ես կփորձեմ գոնե մի փոքր արտահայտել մտքերս ու նկարագրել այդ տեսակին։ Իմ սիրելի կերպարը Մհեր Մկրտչյանն է՝ ուրախ և տխուր մարդը։ Նրա հայացքի մեջ ամփոփված են բոլորիս տխրություններն ու ուրախությունները, կորուստներն ու ցավերը։ Նրա հայացքը, խոսուն աչքերը շատ բան կարող են պատմել իր անցած ճանապաևհի ու տխուր պահերի մասին։ Խարիզմատիկ այդ կերպարի հայացքում կգտնես էմոցիաների մի ամբողջ կծիկ։ Իր հայացքի վրա են մնացել մանկությունից փայփայած ու այդպես էլ չստացած հեծանիվի համար հեկեկոցներն ու գյումրվա բարբառով հումորից անկեղծ ծիծաղը։Նայում ես հայացքին ու թվում է՝ ուր որ է պիտի լաց լինի, և իր փոխարեն դու ես սկսում լալ։ Հետո նա ծիծաղում է. ծիծաղում է կյանքը սիրելով ու կյանքից հոգնած, ծիլաղում է որ ներսի արցունքները չխեղդեն, որ ոչ ոք չզգա, թե ինքն աշխարհում միայնակ է։
Այսպիսինն է մարդ֊առեղծվածը՝ անկեղծ, մեր Ֆրունզը՝ ներքին տագնապներով, հիացմունքներով ու ներդաշնակ արտաքին աշխարհի հետ։ FB_IMG_1568999856463

Անկեղծ…

Դահլիճի մութ անկյուններից փչում էր դրսից սողոսկած քամին։ Փչում էր դեպի իմ ուղղությամբ։
Դռների կոտրված ապակիները ծածկված էին ինչ֊որ կտորներով, որոնք քամուց ալիքավորվում էին ու շեղում ուշադրությունս։
Ֆիլմն ընթացքի մեջ էր, դեպքերը՝ չբացահայտված, մի տեսակ չէի կարողանում ուշադրությունս պահել ֆիլմի վրա։
Անտարբեր եմ դարձել։ Ինչ֊որ բան ներսումս սառել է, ոչինչ չեմ զգում։ Ամենալավ բաներից էլ սրտանց չեմ ուրախանում, ամենավատն էլ արդեն միևնույն է դարձել. էնպիսի տպավորություն է, ոնցոր էս ամենն ինձ հետ չի կատարվում։ Կյանքս ֆիլմի պես է դարձել, իսկ ես էդ ֆիլմի անտարբեր հանդիսատեսն եմ կամ պատահական ներկան կյանքի ժապավենին տպվող օրերի։
Լճացել եմ. իմ սիրած արվեստը էլ իմը չի, ես առանց ցանկանալու վանել եմ նրան ինձնից։ Կարդացողը կմտածի՝ սովորական բան է էլի, արվեստը քեզնից ոնց կարող ես վանել, չափից շատ ես ծանր տանում։
Բայց իրականում էդ արվեստն է, որ խորը արմատներ է գցել ներսումս, էդ արվեստն է, որ ինձ դաստիարակել է ու հասցրել ինչ֊որ կետի։
Իսկ հիմա էդ արվեստի համար ժամանակ չի մնացել, ինչ֊որ կարծրացած փաստեր, որոնք դարերով սովորում ենք, կաղապարել են միտքս ու չեն թողնում ազատ մտածել, կանգնեցրել են մտքիս թռիչքը ու ստիպում են իրենց կանոններով շարժվել։
Իսկ ես մարդ եմ, որը կանոններից դուրս է սիրում ապրել, կյանքի տարիներով գծված սխեմաները ինձ երբեք հետաքրքիր չեն եղել, ինձ հետաքրքիր է այն ինչ կա մարդու ներսում ՝ ճախրող միտքը, մտածելու ու գտնելու, զարմանալու ու սիրելու կարողությունը։

Առավոտյան գնացել էի իմ սիրած կտավը նորից ուսումնասիրելու։ Էդ կտավը էս շրջանում միակնա որ ինձ հասկանումա։ Եթե հնարավորություն ունենայի հայտնվել էդ կտավի մեջ ու գոնե մի կարճ ժամանակով մտքերս իմի բերել…
Բայց մեր ժամանակաշրջանն էնպիսիննա, որ չի սիրում երազկոտ մարդկանց, ինքը միայն ստիպումա քայլել իրեն համահունչ, առանց ետ ու առաջ նայելու, իսկ երբ ասում ես՝ հոգնել եմ, ուզում եմ հանգստանալ, ինձ ժամանակա հարկավոր, չի հասկանում, ծիծաղում ու նոր փորձություններա ուղարկում։

Քամին նորից փչում էր դեպի իմ ուղղությամբ։ Մտքերս հանդարտվել էին, ֆիլմը շարունակվում էր, իսկ ես ֆիլմի օգնությամբ փորձում էի մոռանալ սեփական ֆիլմի սյուժեն…FB_IMG_1553935045289

“Ծիրանի ծառ” կինոփառատոնի մասին

Ավարտվեց ” Ծիրանի ծառ” հինգերորդ կինոփառատոնը ևս։
Ինչ խոսք, ժամանակն արագ է անցնում, դեռ հիշողության մեջ թարմ մնացած նախորդ տարվա ֆիլմերին ավելացան նորերը։ Նոր բացահայտումներ, իհարկե արեցի, անցած տարվա Վահրիճ անունով նկարչի մասին իմանալուց հետո այս տարի գլխավոր բացահայտում եղան Մանակի եղբայրները, ովքեր լուսանկարիչներ էին, և որոնց նկարները այդ ժամանակաշրջանի վերաբերյալ կարևոր տվյալներ են փոխանցել։
Ամենահուզիչ կերպարներից էին տիկնիկներ պատրաստող տատիկը և Շամլուղ գյուղի բնակչուհին։
Իսկ “Origines” ֆիլմի հերոսուհի Ռոբերտան իր աշխատասիրությամբ ու անթիվ հետաքրքրություններով մոտիվացիայի աղբյուր դարձավ ինձ համար։
Առհասարակ, կինոփառատոնը, նույնպես, մոտիվացնող էր, ինֆորմացնող, բացահայտող. մեր ժամանակներն այնպիսին են, որ մենք կյանքի վազքի մեջ չենք հասցնում ուսումնասիրել այլ ազգերի մշակույթը, իսկ վավերագրական ֆիլմերը առիթ են մտածելու անծանոթների մասին, ընկալելու և տեղյակ լինելու նրանց ավանդույթներից և նրանց առօրյա կյանքից։
Ամեն օր, դասերից հետո թեյով ֆիլմ դիտելու շտապելը դարձել էր օրվա կարևոր մասնիկ. մի քիչ անսովոր կլինի պատկերացնել օրն առանց այդ ֆիլմերի ու արդեն հարազատ դարձած անծանոթների, որոնց հետ ֆիլմ էինք դիտում մինչև ուշ երեկո և զգում քամու սառնությունը։

Ահա այն ամենն ինչ ֆիքսեցի հինգերորդ կինոփառատոնի ընթացքում։ Հուսով եմ, տպավորություններս Ձեզ կհետաքրքրեն և հաջորդ տարի դուք նույնպես կմիանաք՝ նոր ֆիլմեր դիտելու, բացահայտումներ անելու և դրականը վերցնելու։
Իսկ կինոփառատոնը շատ կկարոտեմ, սակայն ոչինչ անել չեմ կարող, քան սպասել վեցերորդ փառատոնին և նորից կիսվել տպավորություններովս։ FB_IMG_1568925724521